ԿԻՆՈԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի կինոգործիչների միության Կինոթանգարանը, որի ստեղծման աշխատանքները սկսվել են 2017թ.-ի նոյեմբերից՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն խաչատրյանի նախաձեռնությամբ, և որը մաս է կազմում ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի՝ հանդիսանալով դրա կարևոր բաղկացուցիչ մասը, բացվել է 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին:
Կինոթանգարանն ունի մշտական ցուցադրություն, որը պատմում է 100-ամյա հայկական կինոյի մասին: Մշտական ցուցադրությունում հատուկ տեղ է հատկացված հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, հայկական կինոարտադրության հիմնադիր Դանիել Դզնունուն, հայկական անիմացիայի հիմնադիր Լև Ատամանյանին:
Կինոթանգարանում առկա նմուշները, ողջ ցուցադրանքը, տեսալսողական նյութերը պատմում են հայկական կինոյի և կինոարտադրության մասին՝ սկսած 1923թ.-ից, երբ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց հայկական կինոն, և առաքելություն ունեն հանրայնացնելու հայկական կինոն, հայ կինոարվեստը:
Կինոթանգարանի մաս է կազմում նաև Հայաստանի կինոգործիչների միության լեգենդար «Բուխարու սրահը», որտեղ պահպանվում են հայ և համաշխարհային կինոյի, նշանավոր հայ անհատների բնօրինակ ստորագրությունները, լուսանկարներ, որոնք «խոսում» են «Բուխարու սրահի» պատմության մասին, և Ֆիլմերի պահոցը, որտեղ առկա են հայ և համաշխարհային կինոյի շուրջ 280 ժապավենային ֆիլմեր, ավելի քան 3000 թվայնացված ֆիլմեր:
Իսկ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» Հանգույցը, որի բաղկացուցիչ մասն է Կինոթանգարանը, հետագայում իրենում ներառելու է բազմաթիվ մոդուլներ՝ Ազգային կինոժառանգության վիրտուալ և իրական թանգարանային նմուշների համադրության, ստեղծարար-կրթական, ժապավենային և ժամանակակից կինոցուցադրումների տարբեր ձևաչափերով կինոդահլիճային հարթակների, ժամանցային տարածքների մոդուլները և այլն՝ որպես հարթակներ ունենալով Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան 502, 125 և 80-տեղանոց ժամանակակից կինոդահլիճները, այլ կինոմիջավայրեր, կինոյի տան ողջ ենթակառուցվածքը:
Մուտքի տոմս և փաթեթներ
Մուտքը՝ միայն ամրագրումով
Հիմնական և ավագ դպրոցների դպրոցականների փաթեթ
Այցելություն՝ հատուկ ծրագրով
Շուրջ 2,5 ժամանոց ծրագիրը դպրոցականների համար ներառում է.
-
կինոէքսպոզիցիայի ներկայացում կինոմասնագետի կողմից (մինչև 30 րոպե),
-
ճանաչողական կինոակնարկի դիտում (մինչև 10 րոպե),
-
կինոդիտում Կինոյի տան մեծ դահլիճում (մինչև 1,5 ժամ)
Ֆիլմը ֆիլմացանկից ընտրում են դպրոցականները՝ ըստ տարիքային նշանակության։
Մուտքավճարի գնացուցակը հետևյալն է.
-
6-13 տարեկաններ՝ 1.000 ՀՀ դրամ,
-
14-17 տարեկաններ՝ 1.500 ՀՀ դրամ,
-
ծնող՝ 1.500 ՀՀ դրամ,
-
1 ուսուցիչ և 1 ուղեկցող ծնող՝ անվճար,
-
ցանկության դեպքում պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում՝ 10.000 ՀՀ դրամ 15 լուսանկարի համար։
Խումբը պիտի կազմված լինի առնվազն 30 աշակերտներից։
Կինոպահոց
Հայաստանի կինոգործիչների միության Կինոպահոցը կառուցվել է 2022թ.-ի հունիսին: Ֆիլմերի պահոցը մաս է կազմում ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթա-մշակութային, զբոսաշրջային միջավայր» հանգույցի կինոթանգարանային բաղադրիչի:
Մինչ ֆիլմերի պահոցի կառուցումը՝ Հայաստանի կինոգործիչների միության կողմից հինգ տարի շարունակ իրականացվել է հավաքչական աշխատանք. ձեռք են բերվել հատկապես 35մմ ժապավենային ֆիլմեր, որոնք տարբեր կինոմշակույթների ժառանգության մաս են:
Գտնվել և վերջնական կործանումից փրկվել են նաև հայկական կինոժառանգության
մաս կազմող ֆիլմերի ժապավեններ: Կինոպահոցում առկա են նաև տարբեր կինոգործիչների, կինոկազմակերպությունների նվիրատվություններ: 2023թ.-ի մայիսի դրությամբ այստեղ առկա է 35մմ-անոց 280 ժապավենային ֆիլմ և 3000-ից ավելի ֆիլմ՝ թվայնացված և տարբեր կրիչների վրա:
Ֆիլմերի պահոցի նպատակն է ապահովել կինոժառանգության լավագույնս պահպանումը, դրա հանրայնացումը, ուսումնասիրական, հետազոտական պայմանների ստեղծումը հասարակական, կրթական, մշակութային, գիտական շրջանակների համար: